Հայկական մշակույթը 18-րդ դար-19-րդ դարի առաջին կեսին

Հայկական մշակույթը 18-րդ դար-19-րդ դարի առաջին կեսին


Հայկական մշակույթը 19-րդ դարում
մեծ վերելք ապրեց։ Արևելյան Հայաստանի միավորումը Ռուսաստանին ուժեղացրեց և ամրապնդեց ռուս-հայկական մշակութային կապերը։

Արվեստ


Զարգացում ապրեց արվեստը իր բազմազան ճյուղերով։ Կերպարվեստի մեջ նշանավոր էր Հովնաթանյանների գերդաստանը։ Հակոբ Հովնաթանյանը (1809-1884 թթ.) ապրել և ստեղծագործել է հիմնականում Թիֆլիսում։ Նա ժամանակի դիմանկարչության ճանաչված վարպետ էր, որի գործերից մեզ է հասել շուրջ 60 կտավ։ Աղաֆոն Հովնաթանյանը, ավարտելով Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիան, զբաղվել է գեղանկարչության տարբեր ճյուղերով։
Նույնպես Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիան ավարտեց ղրիմահայ Հովհաննես Այվազովսկին, որը դարձավ աշխարհահռչակ ծովանկարիչ։ Այդ նույն ակադեմիայում կրթություն ստացավ նաև Խաչատուր Աբովյանի մանկության ընկեր Ստեփան Ներսիսյանը, որի գործերից նշանավոր են Մեսրոպ Մաշտոցի, Բեթհովենի դիմանկարները, «Խնջույք գետափին» նկարը։
Երաժշտության մեջ աչքի էր ընկնում Համբարձում Լիմոնջյանը։ Նա ստեղծում է հայկական նոտաներ։ Այդ նոտաներով իր հետևորդի հետ ձայնագրում են եկեղեցական շարականներ, ժողովրդական երգեր ու պարեր։ Մեծն Կոմիտասն ուշադրություն է դարձրել և բարձր գնահատել Համբարձում Լիմոնջյանի դերը։
Աշխուժություն է նկատվում թատերական արվեստի բնագավառում։ Դեռևս մասնագիտացված թատրոններ չկային, բայց դպրոցներում և այլ տեղերում կազմակերպում էին սիրողական ներկայացումներ։ Նման ներկայացումներ են կազմակերպվում Թիֆլիսում, Ղրիմի, Նոր Նախիջևանի հայկական գաղութներում։ 1827 թվականին Երևանում դեկաբրիստ սպաների մասնակցությամբ առաջին անգամ բեմադրվեց Ալեքսանդր Գրիբոյեդովի «Խելքից պատուհասը» պիեսը։
Թուրք-պարսկական տիրապետության շրջանում գրեթե դադարել էին շինարարական աշխատանքները։ Հետևաբար՝ վերացել էին ճարտարապետությունը զարգացնելու հնարավորությունները։ Հարուստ ավանդույթներ ունեցող ճարտարապետությունը զարգանում էր փոքր ձևերում։ Ստեղծվում էին նրբաճաշակ խաչքարեր, մատուռներ, տապանաքարեր, դարպասներ և այլն։ Գողտրիկ հուշարձանների ստեղծումը նպաստեց քանդակագործության զարգացմանը։ Հայ վարպետների նուրբ քանդակներով ստեղծված խաչքարերն ու շիրմաքարերն արվեստի սքանչելի գործեր են։

Comments

Popular Posts