Ալեքսանդր Մանթաշյանց
Ալեքսանդր Մանթաշյանց
Հայ իրականության մեջ եղել են բազմաթիվ մեծահարուստներ, որոնք աչքի են ընկել իրենց առատաձեռն, ազգօգուտ բարեգործություններով, սակայն նրանցից ոչ մեկը չի վայելել Ալեքսանդր Հովհաննեսի Մանթաշյանցի (Մանթաշով) լայն ժողովրդականությունը։
Ծնվել է Թիֆլիսում, 1842թ. մարտի 3-ին։ Հայրը մանուֆակտուրայի վաճառական էր։ Սովորել է Թիֆլիսի Գալուստ Վարդապետ Փափազյանցի մասնավոր դպրոցում եւ ստացել հիմնավոր կրթություն։ Տիրապետում էր մի քանի լեզուների՝ հայերեն, ռուսերեն, վրացերեն եւ անգլերեն։ 1864թ. շուշեցի մեծահարուստ Աստվածատուր Առաքելյանը Հովհաննես Մանթաշովին խորհուրդ է տալիս որդուն ուղարկել Լայպցիգ եւ առեւտրական հարաբերություններ հաստատել Գերմանիայի եւ Պարսկաստանի հայ վաճառականների միջեւ։ 1868թ. Հովհաննեսը որդու հետ շրջագայում է Եվրոպայում եւ առեւտրական լայն կապեր հաստատում մի շարք քաղաքների վաճառական տների միջեւ։
Վերադառնալով Թեհրան, որտեղ Հովհաննեսը վաղուց էր ծավալել իր առեւտրական գործունեությունը, 1878թ. իրենց առեւտուրը տեղափոխում է Թիֆլիս։ 1886թ. մահանում է Ալեքսանդրի մայրը, եւ հայրը, խոր վիշտ ապրելով՝ շուտով կնքում է իր մահկանացուն։ Հայրը որդուն ժառանգություն էր թողել բավական մեծ գումար՝ 200.000 ռուբլի դրամագլուխ։ Հոր մահից հետո Ալեքսանդր Մանթաշյանցը, հեռատեսորեն զգալով նավթարդյունբերության մեծ հեռանկարները, տեղափոխվում է Բաքու եւ սկսում զբաղվել նավթի արդյունաբերությամբ։ Շուտով Մանթաշյանցի նավթի առեւտրական տներն ու նրանց մասնաճյուղերը տարածվում են ամբողջ աշխարհում՝ իրենց ցանցի մեջ առնելով տարբեր երկրներ ու քաղաքներ՝ Վարշավա, Մադրիդ, Փարիզ, Օդեսա, Սարատով, Սուդան, Բեյրութ, Պաղեստին, Կալկաթա, Բոմբեյ, Կ. Պոլիս, Զմյուռնիա… Այդ շրջանում Մանթաշյանցի դրամագլուխը կանխիկ դրամով կազմում էր մոտ 30 միլիոն ռուբլի։ Բացի այդ, նա ուներ հանքեր, գործարաններ, կալվածքներ, տներ, հյուրանոցներ, ամառանոցներ ու շոգենավեր։ Առեւտրական գործունեությանը զուգընթաց՝ Ալ. Մանթաշյանցը շատ կարեւոր էր համարում ազգօգուտ հասարակական աշխատանքները, որոնք նա իրականացնում էր Թիֆլիսի բարեգործական ընկերության միջոցով։
Comments
Post a Comment