Գեղանկարչություն

Գեղանկարչություն




Գեղանկարչություն (երփնագիր), կերպարվեստի տեսակ։ Գեղանկարչությունը մարդկային աշխատանքի զարգացած ձևերից մեկն է և առարկայական, գեղագիտական արժեքների ստեղծման ոլորտ։ Ինչպես և արվեստի մյուս տեսակները, գեղանկարչությունը ճանաչողական և գաղափարական խնդիրներ է իրագործում, ստեղծում մարդու, բնության, առարկաների, պատմական և հասարակական երևույթների գեղարվեստական պատկերներ։ Գեղանկարչության բազմաթիվ ստեղծագործություններ ունեն փաստա-ինֆորմացիոն արժեք։



Արտահայտամիջոցներ

Գեղանկարչությունը օգտվում է գույնի, գծանկարի, կոմպոզիցիայի, ռիթմի, լույսի և ստվերի ընձեռած հնարավորություններից, որոնք նպաստում են հարթության վրա վերակենդանացնել իրականությունը, ստեղծել ծավալի ու տարածության պատրանք, հոգեբանական կերպարներ, կենդանի ու անշունչ առարկաներ՝ ստատիկ ու շարժուն վիճակներում։ Գեղանկարչությունը ձևավորում է մարդու գեղագիտական ճաշակը, ունի ճանաչողական նշանակություն, ստեղծում է մարդու, բնության, առարկաների, պատմական և այլ երևույթների գեղարվեստական պատկերներ՝ օգտագործելով գույնի, գծանկարի, կոմպոզիցիայի, լույսի և ստվերի ընձեռած հնարավորությունները։ Տարբերում են գեղանկարչության պատմական, կենցաղային, անիմալիստական (կենդանիների պատկերումը) և այլ ժանրեր։ Նշանակությամբ, կատարման բնույթով ու կերպարներով առանձնանում են մոնումենտալ-դեկորատիվ գեղանկարչությունը (որմնանկարչություն, առաստաղապատկեր, պաննո), հաստոցային նկար, բեմանկարչությունը, մանրանկարչությունը, սրբանկարչությունը և այլն։ Գեղանկարչության տարբերակներից են տրամապատկերը և համայնապատկերը։ Ներկանյութը կապակցող նյութերի բնույթով, հարթության վրա նրա ամրանալու տեխնոլոգիայով տարբերվում են՝ յուղաներկ գեղանկարչություն, ջրում լուծվող ներկերով գեղանկարչություն՝ թաց (ֆրեսկո) և չոր (ասեկկո) հիմնածեփի վրա, տեմպերա, սոսնձաներկով գեղանկարչություն, մոմանկարչություն, արծն, սիլիկատային խեցեգործական ներկերով գեղանկարչություն և այլն։ Անմիջականորեն գեղանկարչությանն են հարում խճանկարը և վիտրաժը։ Գեղանկարչական գործեր ստեղծելիս կիրառվում են նաև ջրաներկը, գուաշը, պաստելը, տուշը։

Comments

Popular Posts